Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Պրոպագանդվում է հակահայկական արվեստ, արվեստ էլ չէ, հակահայկական ինչ-որ բան»

«Պրոպագանդվում է հակահայկական արվեստ, արվեստ էլ չէ, հակահայկական ինչ-որ բան»
23.09.2015 | 23:01

Արմենչիկին շնորհված վաստակավոր արտիստի կոչումը դժգոհության ալիք բարձրացրեց: Մեծ հաշվով`Արմենչիկի անունը զուգորդվում է մասսայականություն վայելող ցածրարժեք երաժշտության հետ: Բողոքն անձնավորվեց, բայց իրականում հանրությանը զայրացրել էր բուն երևույթը, երբ խրախուսվում է այն, ինչի դեմ պետք է պետականորեն պայքար մղվեր: ՀԱՖՆ-ի դիրիժոր Վարդան Հակոբյանից հետաքրքրվեցի` մշակույթի նախարարությունը որևէ կերպ կարո՞ղ է մեկնաբանել , պատճառաբանել այս քայլը: Զրուցակցիս կարծիքով` մրցանակները, կոչումները տրվում են այն մարդկանց, ովքեր ծառայում են վերնախավին, մասնակցում են նրանց միջոցառումներին` ընտրարշավներ, ընտանեկան խնջույքներ և այլն: «Ես կարծում եմ` երկու տարբերակ կա. այս երևույթը կամ հետևողական քաղաքականության արդյունք է, կամ ինչ -որ մի չինովնիկ հարբած ժամանակ վաստակավորի կոչում է խոսք տվել: Իսկ եթե նման բան է եղել, մշակույթի նախարարը, եթե նույնիսկ չուզենա էլ, կոչումը կլինի Արմենչիկինը: Որևէ չափանիշի մեջ չի տեղավորվում այդ երգչին տված կոչումը, նրա մատուցած երաժշտության մեջ ոչ միայն հայկականություն չկա, այլև դա հակահայկական է: Այսինքն, պրոպագանդվում է հակահայկական արվեստ, արվեստ էլ չէ, հակահայկական ինչ-որ բան»: Զրուցակիցս չբացառեց, որ պետական վաստակներին հնարավոր է ոչ միայն արժանանալ, այլև գնել: Նրա խոսքով` գրեթե ամեն ինչ վաճառվում է: «Կոչումներ, պարգևներ ստացան նաև արժանիները, այդ թվում՝ սահմանապահ մեր զինվորները, որոնցից մեկը` հետմահու: Այս մասին գրեթե չխոսվեց: Միայն վատը տարածելու մոլուցք չե՞ք տեսնում մեզանում»: Մեր այս հարցադրմանն ի պատասխան Վարդան Հակոբյանն ասաց, որ ինքը լավի մասին կխոսեր, բայց բարձրացված աղմուկը խլացնում է լավը, իսկ այդ աղմուկը, ժողովրդի զայրույթը արհեստական չեն. «Ի վերջո մեզ մոտ ամեն ինչ այնքան է արժեզրկվել, որ ժամանակն է ուշադրություն չդարձնելու իշխանությունը զավթածների բաժանած կոչումներին: Դրանք զրոյական արժեք ունեն»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ